Գործարար Սիլվա Համբարձումյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք:
«Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ինձ 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք. քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել է», – «Երկիր» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Սիլվա Համբարձումյանը և նշել, որ Այվազյանից հանք է գնել, որի տարածքը և անունը իրար չեն համապատասխանել: Նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:
Սիլվա Համբարձումյանը, անդրադառնալով պատգամավորի այն հայտարարությանը, թե «ինչպես տեսնում է հանրապետության կեսը Սիլվային պարտք է», նկատել է, որ Այվազյանը լավ էլ մեծ կարծիք ունի սեփական անձի մասին, եթե մտածում է, որ ինքը Հայաստանի կեսն է:
Գործարար կինը վստահեցրել է, որ դեմ առ դեմ Այվազյանի հետ խոսելուց չի խուսափում, հակառակը` Այվազյանն է խուսափում:
«Բազմաթիվ անգամներ թե´ իրեն, թե´ վարորդին տեսել եմ, վերջերս էլ տեսա, ասաց` գնամ Վրաստան, Չինաստան, գամ, կտամ», – նշել է Համբարձումյանը: Նա ասել է նաև, որ հանրապետությունում իրեն պարտք են երկու հոգի` Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանը:
«Պրինցիպի հարց ա, կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս», – նշել է Համբարձումյանը: Դիտարկմանը, թե ինչու է հենց հիմա բարձրաձայնում պարտքի մասին, Համբարձումյանն ասել է, որ համբերության բաժակը լցվել է: Նա տեղեկացրել է նաև, որ մարտի 13-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ էլ կտա այլ հարցերի պատասխանները: