Մարտի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության նիստում կներկայացնի «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը: Նախագծի համաձայն` նախատեսված է Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում: Ինչպես հաղորդում է ecolur.org-ը, ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների անտառային ֆոնդի հողերի սահմանով Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով: Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջացող 5,3 հա ազատ հողամասը Երևանի քաղաքապետարանը մեկ քառ. մետրը մոտ 70,0 հազար ՀՀ դրամով վաճառելու է «Սահակյանշին» ՓԲԸ-ին, որը 3-7 տարիների ընթացքում տարածքը կառուցապատելու է:
«ԷկոԼուրի»-ի փոխանցմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որի ենթակայության տակ են գտնվում Դալմայի այգիների անտառները, ծրագրի առնչությամբ որևէ առարկություն կամ առաջարկություն չի ներկայացրել: Լռել է նաև Բնապահպանության նախարարությունը: Այս նախարարությունների փոխարեն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է հարց բարձրացրել ծրագրի իրականացմամբ ավտոմայրուղու հարակից տարածքների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումների, ավտոմայրուղու կառուցման և հետագա շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրների վերաբերյալ` նկատի ունենալով այն, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի անմիջական հարևանությամբ: Ի պատասխան նախարարությունը տեղեկացվել է, որ բարձրացված խնդիրները կհստակեցվեն մայրուղու աշխատանքային նախագծի մշակման ընթացքում, և նախագիծը սահմանված կարգով կներկայացվի փորձաքննության:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի (ecolur.org)