Աշխատանքային այցով Բելգիայիում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նրա խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ըստ երկրի ղեկավարի, Հայաստանը և Բելգիան չափերով համադրելի երկրներ են, և Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը և Բելգիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու հետևողական երկխոսությունը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին և հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը: