Մարտի 6-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում անգլիական «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց իտալական «Միլանին», սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին հանդիպման ժամանակ մրցակցի հարկի տակ 4 անպատասխան գնդակ էր բաց թողել:
Խաղից առաջ մասնագետները «Արսենալի» հնարավորությունները զրոյին մոտ էին գնահատում, իսկ լոնդոնյան թիմի մարզիի Արսեն Վենգերը՝ 5 տոկոս: Սակայն արդեն 7-րդ րոպեին Լորան Կոսյելնիի խփած գնդակը և հանդիպման ընթացքը ցույց տվեցին, որ հրաշքը կարող է նաև կայանալ:
1:0 հաշվի ժամանակ երկու լավ պահ կորցրեց «Արսենալի» ավագ Ռոբին վան Պերսին: Երկու դրվագում էլ հիանալի խաղաց դարպասապահ Կրիստիան Աբյատին, ով հետ էր մղում գնդակը հոլանդացու հարվածներից հետո:
Սակայն նա անկարող էր փրկել իր թիմին 26-րդ րոպեին, երբ «Միլանի» պաշտպան Տիագու Սիլվան սեփական տուգանային հրապարակում գնդակը փոխանցեց մրցակցի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկուն, իսկ վերջինս գրավեց Աբյատիի դարպասի անկյունը:
42-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնն անցում նախաձեռնեց, որի արդյունքում նրանց գցեցին տուգանային հրապարակում, իսկ վան Պերսին հստակ իրացրեց 11-մետրանոցը:
Հանդիպման կուլմինացիոն պահը վրա հասավ երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ Ժերվինյոյի հարվածից հետո գնդակը անդրադարձավ «Միլանի» պաշտպան Ֆիլիպ Մեքսեսից, ու Աբյատին մեծ դժվարությամբ ոտքերով հետ մղեց այն: Վրա հասած վան Պերսին, ով ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ փրկել է «Արսենալին», մոտ տարածությունից չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Հոլանդացին ուժեղ հարվածելու փոխարեն փորձեց գնդակը Աբյատիի վրայով գցել, սակայն հարվածը թույլ էր, և դարպասապահը հասցրեց բարձրացնել ձեռքերը և տիրել գնդակին:
Այդ պահից հետո «Արսենալի» խաղը խամրեց, իսկ «Միլանը», իր հերթին, մի քանի հնարավորություն կորցրեց:
Լոնդոնյան հրաշքը, որին առաջին խաղակեսից հետո հավատում էին «Արսենալի» երկրպագուները, չկայացավ. քառորդ եզրափակիչում պայքարը կշարունակի իտալական ակումբը:
Նույն օրը կայացած մեկ այլ խաղում պորտուգալական «Բենֆիկան» առավելության հասավ ռուսաստանյան «Զենիթի» նկատմամբ 2:0 հաշվով: Քանի օր առաջին խաղում «Զենիթը» հաղթել էր ընդամենը 3:2 հաշվով, հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «Բենֆիկան»: