Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցները նամակ են գրել ՀՀ նախագահին՝ բողոքելով ցածր աշխատավարձերի, իրենց ոտնահարված իրավունքների, տարիներ շարունակ չնորացվող համազգեստի, տեխնիկայի անվտանգության և մի շարք այլ խնդիրներից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հաղորդմամբ` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հաշտեցման եզրեր գտնելու նպատակով կողմերին հրավիրել է բանավեճի։ Սեղանի մի կողմում կոմբինատի ղեկավարությունն է եղել՝ մանկապղծության համար դատապարտված կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշճյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում՝ տարածաշրջանի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, ով Ախթալայից է, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցներ։
«Ժողովուրդը» գրում է, որ Խաչիկյանն ակտիվ մասնակցել է բանավեճին։ Թաշճյանը լսել է աշխատողների բողոքները և ասել, թե հարցը կլուծվի, ուղղակի ինքը տեղյակ չի եղել, որ նման խնդիրներ են առկա։