Հայաստանի Հանրային հեռուստաընկերության` «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու փաստը բողոքի ալիք է բարձրացրել Dorians խմբի երկրպագուների մոտ, ովքեր ակնկալում էին, որ իրենց սիրելի խումբը «Սա մեր աշխարհն է» երգով կներկայանար Բաքվում:
Facebook սոցիալական ցանցում տարածված դժգոհության առիթով Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից, ով նշել է, որ բարձր է գնահատում «Dorians» խումբը և անձամբ Գոռ Սուջյանին, սակայն, միևնույն ժամանակ, կարծիք է հայտնել, որ դա խմբի հեղինակած ամենաթույլ երգն է, և եթե անգամ Հանրայինը որոշում կայացներ ներկայանալ Բաքվում և մասնակցության համար ընտրեր «Dorians»-ին, ապա խմբին կառաջարկվեր փոխել երգի թե երաժշտությունը, թե բառերը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական հեռարձակողների միությանը` հայտարարելով, որ չի մասնակցի Եվրատեսիլին: