Այսօր ժամը 13.00-ին Թամանյանի արձանի մոտից մեկնարկել է «Դանակը ոսկորին» համաքաղաքացիական բողոքի ցույց-երթը: Երթի մասնակիցները պահանջում էին վերադարձնել Երևանին իր նախկին տեսքը և այլևս չաղավաղել այն, դադարեցնել քաղաքի հուշարձանների ավիրումը, բնակչությանը վերադարձնել հանրային վայրերը:
Երթի ընթացքում կազմակերպիչները կանգ են առել նաև Ազատության հրապարակում և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մոտ, ապա միացել Մաշտոցի այգում բողոքի ակցիա անցկացնող բնապահպան ակտիվիստներին:
«Թող մի հատ շենք վերակառուցեին: 2000 թվականին սկսվեց Երևանի աղավաղումը: Իբր 21-րդ դարի ստանդարտներով կառուցաված Հյուսիսային պողոտայի փոխարեն, թող պատմամշակութային կոտոթողները չքանդերին: 34 պատմական հուշարձան է քանդվել Տերյան, Պուշկին, Բուզանդ փողոցներից, ևս 9 պետք է ապամոնտաժեն: Աբսուրդը կայանում է նրանում, որ քաղաքային իշխանությունները շենքերը քանդում են «Հին էրևան» նախագիծը իրականացնելու համար: Մենք պահանջում ենք, որպեսզի մեր իշխանությունը հարգի ՀՀ օրենքը, որն արգելում է պատմական շենքը քանդել կամ տեղափոխել, եթե դրան չի սպառնում փլուզում», – ասել է ակցայի մասնակից «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Այսօր և վաղը այգում և Թամանյանի արձանի մոտ ընթանելու է ստորագրահավաք, որի նախաձեռնողները Հայաստանի իշխանություններից՝ ի դեմս ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և Երևանի քաղաքապետի, պահանջելու են հետևյալ կետերի կենսագործումը.
Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,
- բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,
- Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները,
- անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարջանների վերականգնումը ( Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),
- համաձայն ՀՀ օրենսդրության ՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին՝ քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը: