«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին դարձավ առաջին խաղացողը, ով Չեմպիոնների Լիգայի պատմության ընթացքում 1 խաղում 5 գոլի հեղինակ դարձավ: Դա տեղի ունեցավ փլեյ-օֆ փուլում՝ 1/8 եզրափակչի գերմանական «Բայերի» հետ պատասխան խաղում: Առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ «Բարսայի», և երկրորդ խաղը Բարսելոնայում պարզապես ընկերականի կարգավիճակ էր ստացել, քանի որ ոչ ոք չէր հավատում, որ «Բայերը» կարող է հրաշք գործել: Այնուամենայնիվ, «Բարսան» անգամ այդ անիմաստ հանդիպման ժամանակ առանց լուրջ ջանքեր գործադրելու կարողացավ գոլերի տարափ ապահովել և խաղն ավարտել 7:1 հաշվով: Բացի Մեսսի 5 գնդակներից, երկու գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած երիտասարդ հարձակվող Ռոդրիգո Տելյոն, ով կարող էր նաև իր երրորդ գնդակը խփել, սակայն մրցակցի դարպասապահ Բերնդ Լենոն կարողացավ հետ մղել Տելոյի հարվածը մոտ տարածությունից:
Մեսսիի 5 գնդակների մասին կարելի է առանձանահատուկ խոսել: Նա կամ դուրս գալով դարպասապահի դիմաց ոտքի աննշան շարժումով գնդակը նետում էր Լենոյի վրայով, կամ շարժվում էր տուգանային հրապարակի երկայնքով ու գրավում մրցակցի դարպասի անկյունը: Մեկ դեպքում էլ գնդակը նրբորեն դարպասն ուղարկեց մոտ տարածությունից:
«Բայերի» պաշտպաններն ուղղակի անկարող էին կանգնեցնել արգենտինացուն, և տպավորություն կար, թե Մեսսին կարող է խփել այնքան գնդակ, որքան կցանկանա:
Այս անգամ աշխարհի ուժեղագույն խաղացողը բավարարվեց հինգով:
Օրվա մյուս խաղում Կիպրոսի «Ապոելը» պարտության մատնեց Լիոնի «Օլիմպիկին»: Սեփական հարկի տակ կիպրոսցիները հաղթեցին 1:0 հաշվով, իսկ հաջորդ փուլ դուրս եկան շնորհիվ 11-մետրանոց հարվածաշարում 5:3 հաշվով հաղթանակի: