Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում` ոստիկանական վարչության մոտ, պիկետների շարք է սկսվել: Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Քրիստոս Փրկիչ եկեղեցում «համերգ» կազմակերպելու համար օրերս ձերբակալված Pussy Riot փանք խմբի անդամներին:
Պիկետին մասնակցում է երկու հոգի. նրանք կանգնած են Պետրովկա փողոցի տարբեր կողմերում: Օրվա ընթացքում մարդիկ փոխարինելու են միմյանց:
Ձերբակալված աղջիկների համար պիկետներ են անցկացվելու ոչ միայն Մոսկվայում: Նմանատիպ ակցիաներ տեղի կունենան Բեռլինում`Ռուսաստանի դեսպանատան առջև, և Փարիզում` Անմեղների շատրվանի մոտ:
Հիշեցնենք, որ ֆեմինիստական փանք խմբի երկու աղջիկները կալանքի տակ են գտնվում Քրիստոս Փրկիչ եկեղեցում խուլիգանություն իրականացնելու կասկածանքով: Խմբի 5 երգչուհիներ 5 րոպեանոց եկեղեցական ելույթ էին կազմակերպել փետրվարի 21-ին: Մարտի 3-ին խմբի երկու անդամներ ձերբակալվել էին, մարտի 5-ին դատարանը նրանց նկատմամբ կալանք էր նշանակել: Աղջիկները, ի նշան բողոքի, հացադուլ էին հայտարարել: Այսպիսով նրանք 6-րդ օրն է ինչ հաց չեն ուտում: Նրանք հերքում են իրենց կապը եկեղեցում տեղի ունեցած ելույթի հետ:
Խմբի 5 երգչուհիներ 5 րոպեանոց համերգ էին կազմակերպել Քրիստոս Փրկիչ եկեղեցում` վառ գույների դիմակներով մտնելով Աստծո տուն: Աղջիկները երգել էին «Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու»` միաժամանակ պարելով երաժշտության ներքո: