ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շրջում է «Audi Q7» մակնիշի ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը Հայաստանում, ըստ փորձագետների, 80-ից 150 հազար դոլար է` պահմանավորված շարժիչի հզորությամբ և մեքենայի հագեցվածությամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Գագիկ Հարությունյանի մեքենայի շարժիչը 4,2 լիտր աշխատանքային ծավալով է և գերհագեցած է, իսկ դա նշանակում է, որ ամենաթանկարժեք տարբերակն է:
«ՀԺ»-ն ընդգծում է, որ «Audi Q7»-ի դիմապակուն բացակայում է ԱՊՊ կտրոնը, ինչը ՀՀ օրենսդրությամբ պարտադիր է բոլորի համար, և, փաստորեն, ՍԴ նախագահը երթևեկում է` խախտելով ՀՀ օրենսդրությունը:
Թերթի թղթակիցը երեկ հարցրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին, թե ինչ գնով է ձեռք բերվել ավտոմեքենան: Հակոբյանը հայտարարել է, որ ինքը միջոցառման է (ՍԴ-ն մարտի 8-ը նշելիս է եղել) և հրաժարվել է ավտոմեքենայի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ հայտնել` պատճառաբանելով, թե դա վաղուց է ձեռք բերվել, և ինքը չի հիշում: ՍԴ ներկայացուցչի խոսքով` մեքենան ձեռք է բերվել պետական միջոցներով:
Թերթը նշում է, սակայն, որ մեքենան չէր կարող վաղուց ձեռք բերվել, և ՍԴ ավտոպարկում պետք է հայտնված լիներ վերջին ամիսներին: