Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի նկարագրած երկիրը անհամատեղելի է այսօրվա Հայաստանի հետ: Այս մասին Զուրաբյանն ասել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում` մեկնաբանելով վերջին երկու օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի Բրյուսելում հնչեցրած ելույթները, մասնավորապես, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում արված այն հայտարարությանը, թե «մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական և տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն»:
Զուրաբյանը, սակայն, նշել է, որ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը «բազմիցս խախտել են մարդու իրավունքները, կոծկել են մարտի 1-ի սպանությունները, քաղբանտարկյալների դեմ իրենց հետապնդումներով ապացուցել են, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններն անխտիր զանգվածաբար կեղծվել են»:
«Մենք ուղիղ այնքան ենք հավատում նրա այդ խոստումներին, ինչքան կարելի է հավատալ սերիական մարդասպանի` այլևս չսպանելու մասին երդումներին», – ասել է Զուրաբյանը: