Home / Հայաստան / ՀՀԿ-ն ցանկանում է հավատալ և փոխել. բանաձև

ՀՀԿ-ն ցանկանում է հավատալ և փոխել. բանաձև

Հինգ տարի շարունակ Հանրապետական կուսկացությունը ամրացրել է Հայաստանի պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը, ասված է այսօր կայացած ՀՀԿ 13-րդ համագումարի բանաձևում:

«Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է`

– պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում,

– բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը,

– փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և վերականգնել ընդդիմախոսների` այլ կարծիք ունենալու իրավունքը,

– ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային գործընթացներում` հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ,

– Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը,

– ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը,

– նոր սպառազինության և տեխնիկայի ներդրմամբ` հզորացնել մեր պաշտպանական ներուժը», – ասված է բանաձևի տեքստում:

Բանաձևի հեղինակները նշում են, որ ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Հայաստանի շարունակական զարգացման համար, և ՀՀԿ-ն պատրաստ է բազմապատկել ջանքերը` երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:

«Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք` քեզ համար, Հայաստա’ն. այսուհետ ասելու ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը զգալիորեն կախված են արտաքին գործոնների ազդեցությունից: Ապագայում դրանից հնարավորինս խուսափելու համար մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին, ինչը հիմնվում է տնտեսության նոր ոլորտների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծում:

Մենք գնում ենք համակարգային վերափոխման, քանզի ապագան վերափոխում է պահանջում: Եվ ապագան այդ վերափոխումն ապահովող ուժինն է: Բայց դրա համար պետք է նախևառաջ փոխվենք մենք` վերափոխման առաջամարտիկներս: Ու այս գիտակցությամբ է ՀՀԿ-ն ստանձնում Հայաստանի վերափոխումն իրականացնելու, առաջնորդելու առաքելությունը:

Առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք մենք դիտում ենք իբրև միջոց, գործիք` ազգի և պետության նպատակների իրագործման համար: Այս համոզմամբ` գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մեր ժողովրդի դատին է ներկայանում տարիների հսկայական փորձով ու անընդհատ սնուցվող նոր ավյունով` որպես ազգային պահպանողական գաղափարների շուրջ համախմբված գործնապաշտ անհատների թիմ, որ նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և իրականացնել համակարգային վերափոխում:

Այս առումով, մենք վերստին հրավիրում ենք բոլոր հայրենանվեր հասարակական, քաղաքական կառույցներին ու անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին:

Իսկ վերափոխման համար, պիտի հավատալ. հավատալ մեր հավաքական ու անհատական կարողություններին, հնարավորություններին:
Այս հավատով` մենք պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան և մեր կյանքում արմատավորենք նոր` դրական ավանդույթներ` 21-րդ դարի քաղաքակիրթ հանրությանը բնորոշ ավանդույթներ», – ասված է հայտարարության մեջ:

ՀՀԿ-ն վստահություն է հայտնել, որ Հայաստանում առաջնայնորեն պետք է հաղթահարվի «մեր հասարակությանը համակած այն հիվանդությունը, որ կոչվում է կոռուպցիա»:

«Այս ճանապարհին կիրառվելու են և՜ վիրահատական, և՜ մյուս բոլոր օրինական մեթոդները: Մենք անհրաժեշտաբար պիտի փոխենք մեր վերաբերմունքը հայրենի պետության հանդեպ, մեր վարքը` փողոցում, ուսման և աշխատանքի վայրում: Փոխե’նք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխե’նք օրենքները, որ անկատար են: Փոխե’նք` դարձնելով ավելի լավը:

Բայց և ամեն մի փոփոխություն դեպի լավը` ինքնին ամրապնդում է հավատը: Ուրեմն, նաև փոխվե’նք, որ հավատանք: Սնուցե’նք մեր հավատը գործերով:

Մենք հավատում ենք մեր ազգի և պետության ներուժին և վճռական ենք փոխվելու ու փոխելու` հանուն մեր նվիրական իղձերի ու նպատակների իրականացման: Հավատա’նք, և բոլորս միասին կփոխենք մեզ ու մեր երկիրը: Հավատա’նք, որ փոխենք», – եզրափակում է հայտարարությունը: