Մարտի 9-ին երեկոյան Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից ներքին հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 31-ամյա Վարդան Վարդանյանը և 24-ամյա Դավիթ Բաղդասարյանը:
Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ:
Նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 51-ամյա Յուրիկ Թադևոսյանը և խոստովանել, որ ժամը 22.10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի և վերջինիս աներորդի Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել Մալաթիայի բաժին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` Յուրիկ Թադևոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների: