Ուկրաինացի հետաքննիչները կարծում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդեպ նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ սկանդալային գործով մեղադրյալներն իսկապես պատրաստվում էին պայթյուններ իրականացնել Ռուսաստանում, սակայն, ըստ ամենայնի, այն տնտեսական բնույթի դիվերսիայի նպատակ ուներ, և ուղղված չէր կոնկրետ անձանց: Այս մասին երկուշաբթի գրում է «Կոմերսանտը»` հղում կատարելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրներին:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ գործով առկա իրեղեն ապացույցները ձերբակալվածների նպատակների վերաբերյալ միանշանակ պատասխան չեն տալիս, իսկ նոր ցուցմունքներ հետաքննությունը դեռևս չունի:
Ապացույցների ուսումնասիրության և ձերբակալվածների ցուցմունքների հիման վրա ավելի շուտ կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում նրանք սովորում էին պայթուցիկներ պատրաստել և փորձնական պայթյուններ էին իրականացնում: Մասնավորապես, տեսանյութ է գտնվել, որում կասկածյալները փորձում են պայթեցնել մոտ մեկ մետր խորության վրա հողի մեջ դրված խողովակը: Պայթյունն իրականացվել է Օդեսայի հարավային թաղամասերից մեկում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանյան «Առաջին ալիքը» 2012-ի փետրվարի 27-ին` ՌԴ նախագահական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ, հայտնեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի դեմ նախապատրաստվող մահափորձը: Հաղորդվում էր, որ ուկրաինացի ուժայինները ձերբակալել են Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին, ով վնասվածքներ էր ստացել Օդեսայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, որից հետո, հիմնվելով նրա ցուցմունքների վրա, իրավապահները ձերբակալել էին նաև չեչեն Ադամ Օսմաևին: Պյանզինին կալանքի տակ են վերցրել հունվարին տեղի ունեցած պայթյունից հետո, իսկ Օսմաևին` փետրվարի սկզբին: