Մարտի 10-ին կայացած Հանրապետական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը բազմաթիվ ուղերձներ էր պարունակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Բանախոսի կարծիքով` ելույթը հավակնոտ էր, լուրջ և վերածննդի մեսիջ էր պարունակում: Սահակյանը նաև նշել է, որ իր կուսակցությունը չի պատրաստվում հաջողության հասնել այլոց նսեմացնելով դիվիդենտներ շահելու հաշվին:
Ասուլիսի մեկ այլ մասնակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին Սերժ Սարգսյանի ելույթը դուր չի եկել: Ալավերդյանը այն նմանեցրել է տոտալիտար համակարգերում հնչող ելույթներին, իսկ ՀՀԿ-ի համագումարը` ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության համագումարներին:
Ալավերդյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի սփիչ-ռայթերները շատ կոպիտ սխալներ են արել: Մասնավորեցնելով, նա հիշեցրել է, որ Սարգսյանն ասել է` «նոր ապրանքներ և ծառայություններ կարտադրվեն»: Պատգամավորի խոսքով` ծատայությունները չեն արտադրվում, այլ մատուցվում են: Ալավերդյանը նաև ընդգծել է, որ ելույթում բացակայում են նոր գաղափարները, նշված չէ, թե ինչ նոր բան է պատրաստվում անել Հանրապետական կուսակցությունը:
Հովհաննես Սահակյանը խորհուրդ է տվել գործընկերոջը քաղաքական գնահատականներ տալ, և ոչ թե հայոց լեզվի դասընթաց կազմակերպել, ինչին Ալավերդյանը պատասխանել է, որ ցանկացած խոսք դոկտրին է: