Այսօր առավոտյան Աֆղանստանի Կանդագար գավառում ուսանողները փողոց են դուրս եկել`արգելափակելով երթևեկությունը: Նրանք այրել են ԱՄՆ նախագահի խրտվիլակն ու ամերիկյան դրոշը: Այս գործողությունները հաջորդել են 38-ամյա ամերիկացի սերժանտի կողմից 17 խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների սպանությանը: Կանդագարում սպանդ կազմակերպած զինվորականը կարող է մահվան դատապարտվել:
«Չնայած տեղի ունեցածին, Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել պաշտպանել Աֆղանստանի ժողովրդին»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը:
Հիշեցնենք, որ կիրակի ամերիկացի զինվորականը դուրս էր եկել ռազմակայանից և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում կանայք և երեխաներ էին սպանվել: Նա տեղում ձերբակալվել էր: Դրդապատճառները պարզելու նպատակով հետաքննություն է ընթանում: