Իրանի խորհրդարանը չորեքշաբթի «հարցաքննել» է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` նրան ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցադրումների երկար ցուցակ առաջադրելով: Այդուհանդերձ, հարցերի մեծ մասը Ահմադինեժադը արհամարհել է, հաղորդում է Associated Press-ը:
Ահմադինեժադը մի քանի ժամ շարունակ պատասխանել է պատգամավորների հարցերին, ըստ էության դրանցից և ոչ մեկին իսկապես համարժեք պատասխան չտալով, հստակեցնում է գործակալությունը: Իրեն ներկայացված բողոքների մեծ մասը նա հերքել է, իսկ որոշ հարցերի շուրջ կատակել` իրեն բնորոշ տոնով` դրանով իսկ հարուցելով խորհրդարանականների վրդովմունքը:
«Այստեղ կատակների փոխանակման տեղ չէ: Սա խորհրդարան է: Նախագահն օրենսդիրներին վիրավորելու իրավունք չունի»,- իր վրդովմունքն է արտահայտել պատգամավոր Մոհամեդ Ռեզա Հաբասը:
«Այնքան էլ բարդ ստուգում չէր: Ինձ թվաց, որ հարցերը կազմած մարդիկ ընդամենը ստեղնաշար էին սեղմել մագիստրոսի աստիճան ստանալու համար: Եթե դուք մեզ հետ խորհրդակցեիք, հնարավոր է, որ ավելի լավ հարցեր կազմեիք»,-խորհրդարանի նիստից հեռանալիս հայտարարել է Ահմադինեժադը:
1979 թվականին Իրանի Իսլամական հանրապետությամ ստեղծումից ի վեր սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ նախագահը հրավիրվում է խորհրդարան` հարցուպատասխանի: Այս նախադեպը կարող է Ահմադինեժադին իմպիչմենտ ներկայացնելու համար հիմք դառնալ, կարծում է AP-ն: