Խորհրդարանական ընտրությունների լուսաբանման առումով 2011 թվականը շատ քիչ է տարբերվել 2006 թվականից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով 2012 խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հանրային ռադիո և 7 հեռուստաընկերություններ) լուսաբանման մշտադիտարկման 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունը:
Նավասարդյանի խոսքով` նույն խնդիրները, որոնք առկա էին 5 տարի առաջ, գոյություն ունեն նաև այսօր:
Խնդիրներից առաջինն այն է, որ հեռուստաընկերություններում քարոզարշավը սկսվում է պաշտոնական մեկնարկից ավելի վաղ: Երկրորդ խնդիրը կուսակցությունների հասցեին գնահատական պարունակող նյութերն են:
Դրանք կազմում են 10 տոկոս, և դա, Նավասարդյանի խոսքով, թեև անընդունելի չէ, բայց այլ երկրների հետ համեմատ բարձր ցուցանիշ է:
Հանրային ռադիոյում գնահատական պարունակող նյութերի տոկոսը կազմում է 1,3 տոկոս, ինչը, բանախոսի խոսքով, շատ դրական է:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում նման նյութերի տոկոսը կազմում է 2,7, իսկ ամենաբարձր տոկոսը «Շանթ» հեռուստաընկերությունում է` 28:
Նաավսարդյանը նաև նշել է, որ այն կուսակցությունները, որոնք չունեն հեռուստաալիք կամ ազդեցություն նրանց վրա, նախընտրական քարոզչությամբ հանդես գալու հնարավորություններ քիչ են ունենում:
Այդպիսի առավելություն 6 հեռուստաընկերությունում ունի ՀՀԿ-ն, 1-ում` ՀՅԴ-ն, 1-ում` ԲՀԿ-ն:
Բանախոսը նշել է, որ թեև «Երկիր մեդիայում» ՀՅԴ-ի լուսաբանման ծավալը շատ բարձր է, բայց գնահատականներ ավելի քիչ է տալիս` աշխատելով այդ առումով լինել պրոֆեսիոնալ:
Փորձագետի դիտարկմամբ` հեռարձակվող լրատվամիջոցներում ավելի մեծ ուշադրություն են դարձնում վեց կուսակցություններին` 5 խորհրդարանականներին և Հայ Ազգային Կոնգրեսին:
«Երբ քաղաքական պայքարը սուր է ու լարված, հեռուստաընկերությունները դա վատ են լուսաբանում, իսկ երբ հանդարտ է լինում և մեծ խնդիրներ չեն դրվում, ավելի հավասարակշռված ու հանգիստ է լինում լուսբանումը», – ասել է Նավասարդյանը:
Նշենք, որ մշտադիտարկումներն անցկացվել են երեկոյան` ժամը 18:00-ից մինչև 01:00-ն: Դիտարկվել են հեռուստաընկերությունների հիմնական լրատվական թողարկումները և յուրաքանչյուրից մեկ բանավեճային, քաղական, վերլուծական հաղորդում:
Նավասարդյանը խոստացել է, որ այսուհետ տասը օրը մեկ անգամ նա կհանդիպի լրագրողների հետ և կներկայացնի հաջորդ մշտադիտարկումների արդյունքները: