«Ջազզվե» ընկերության իրավաբան Գրիգոր Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է այն լուրը, թե բրիտանական հայտնի «Բըրբրրի» (Burberry Ltd.) ընկերությունը դատի է տվել իրենց:
Բրիտանական ընկերությունը կարծում է, որ «Ջազզվե»-ին պատկանող սրճարաններում և սննդի օբյեկտներում, առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Բըրբրրի լիմիթեդին» պատկանող և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 2011թ. փետրվարին գրանցված պատկերային նշանը:
«Ջազզվե»-ի իրավաբանի խոսքով` իրենք չեն ընդունում, որ խախտում են որևէ մեկի իրավունքները:
«Ապրանքանիշի ճշտման հարցը քննելու է մտավոր սեփականության գործակալությունը: Հիմա սպասում ենք այդ փորձաքննության պատասխանին: Մեզ չբավարարող պատասխան ստանալու դեպքում, կդիմենք նաև այլ փորձագիտական ընկերությունների»,- ասել է Գրիգոր Մինասյանը:
Այժմ «Բըրբրրի լիմիթեդը» ապրանքային նշանի ապօրինի օգտագործումն արգելելու պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է:
Լուսանկարը` visitarm.com