Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ բարձր դիրքերում հայտնված ՀՀԿ-ականները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել։ Համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը։ Նրանց թվում են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մտերիմները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ոչ իրենց ակտիվությամբ, ոչ էլ ինտելեկտով։
«Հրապարակի» աղբյուրների համաձայն, խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել՝ «պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը»։
Համաձայն թերթի, նամակը շատ կտրուկ է լինելու, ընդհուպ Կարեն Ավագյանին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջով։