ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարող է մեծամասնական ընտրակարգով առաջադրել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից այժմ պատգամավոր է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով սկզբում ասել էր, որ չի առաջադրվելու, հետո փոխել էր որոշումը: Վերջին ասուլիսի ժամանակ Հայրապետյանը նշել է, որ կարող է առաջադրվել ցանկացած ընտրատարածքում` պարտադիր չէ Ավանում, և ինքը այս հարցում ենթարկվելու է իր կուսակցության որոշմանը:
«Ժողովուրդը» գրում է, որ Հայրապետյանը կրկին հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից: Թերթի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստին քննարկվել է, թե ում է սատարելու ՀՀԿ-ն մոտավորապես 33 ընտրատարածքներում, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել:
Օրաթերթը նշում է, որ իրեն հաջողվել է որոշակի տեղեկություններ հայթայթել երեկվա քննարկումների և որոշ ընտրատարածքներում առաջադրումների մասին: Ըստ այդմ, թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Աամվել Ֆարմանյանը, թիվ 3-ում՝ «Քեթրին գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանը, թիվ 4-ում՝ «ՍԱՍ»-սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը, 5-ում՝ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանը, 6-ում՝գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, 7-ում՝ գործարար Սամվել Ալեքսանյանը, 8-ում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, 9-ում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը, 11-ում՝ գործարար Գրիգորի Մարգարյանը, 13-ում՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, 14-ում՝ «Տիգրան Մեծ» տպարանի սեփականատեր Վրեժ Մարկոսյանը, 16-ում` բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, 19-ում՝ գեներալ Սեյրան Սարոյանը, 21-ում՝ «Մապ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը, 22-ում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, 32-ում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, 33-ում՝ «Հրազդան» հոլդինգի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, 34-ում՝ գործարար Արման Սահակյանը, 36-ում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը, 38-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը, 40-ում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: