Դատախազ Հարություն Հարությունյանը հանցագործ է, և նա պետք է նստի այն անմեղ զինվորների փոխարեն, որոնց անտեղի մեղադրում է հանցագործության մեջ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` պատասխանելով Հարությունյանի երեկվա այն հայտարարությանը, թե Մարտիրոսյանի ասածները` կապված Արտակ Նազարյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների հետ, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում :
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` ինքը դեռևս նախավերջին դատական նիստին հայտարարել էր, որ Արտակ Նազարյանի մարմնի վրա առկա է եղել 54 վնասվածք, որոնք առաջացել են բութ առարկաների հարվածից: Ըստ Մարտիրոսյանի` այս մասին նշված է դատաբժշկական փորձաքննության մեջ:
«Եվ սա խայտառակություն է, որ այդ հանցագործը կոծկել է սպանության գործը, և մեր պետությունը` փոխանակ այնպես անի, որ նա հայտնվի ուղղիչ աշխատանքային գաղութում, թույլ է տալիս, որ նա որպես մեղադրող աշխատի և 18-19 տարեկան երեխաներին դժբախտացնի»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ գործով անցնող վկա Արտակ Հովհաննիսյանը երեկ դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից, Մարտիրոսյանն ասել է, որ իրենք ունեն տվյալներ, որ ոչ միայն այս վկան, այլևս գործով անցնող այլ վկաներ ևս ծեծի են ենթարկվել, նրանց խոշտանգել են ու ահաբեկել, որպեսզի սուտ ցուցմունք կորզեն: Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ այս վկան պայմանագրային զինծառայող է այդ նույն զորամասում, որտեղ ծառայել է Արտակ Նազարյանը: