Երևանի «Հրազդան» ստադիոնում արդեն իրականացվում են նորոգման աշխատանքները, այն պետք է միջազգային հանդիպումներին պատրաստ լինի օգոստոսին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նրա խոսքով` մինչ հոկտեմբերի 12-ին կայանալիք 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը ՀՖՖ-ն ցանկանում է «Հրազդանում» մեկ ընկերական հանդիպում անցկացնել` Բելառուսի հետ օգոստոսին:
Այդ երկու խաղերից առաջ միջազգային չափանիշներին են համապատասխանեցվելու ստադիոնի զուգարանները, հանդերձարանները և լուսավորությունը, փոխվելու է խոտածածկը:
Նա նաև նշել է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ այս պահին բանակցում է նոր, բարձրակարգ շարժական հեռուստակայան գնելու վերաբերյալ, և արդեն այս տարի ֆուտբոլային հանդիպումները նկհեռարձակվեն նոր որակով:
Հայրապետյանը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին Երևանում` ուժերը չափելով Ղազախստանի ընտրանու հետ: