12.30 -ի սահմաններում բնապահպանները, համոզված լինելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ետնամուտքից կլքի կառավարության շենքը և, միևնույնն է, իրենց հարցերին չի պատասխանի, որոշել են վերադառնալ այգի և այնտեղ շարունակել իրենց ակցիան:
12:00 Այս պահին ոստիկանները կենդանի պատ են կազմել կառավարության շենքի մոտ և թույլ չեն տալիս ակտիվիստներին, ինչպես նաև լրագրողներին մոտենալ:
Բնապահպանները որոշել են սպասել կառավարության շենքի մոտ մինչ նիստի ավարտը` կառավարության անդամներից բացատրություն պահանջելու համար: Բնապահպանները, միաժամանակ, իրենց համերաշխությունն են հայտնել սովորաբար կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող այլ քաղաքացիներին, մասնավորապես, զոհված զինվորների արդար դատավարությունը պահանջող մայրերին:
11:45 Մինչ ակտիվիստները ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց, ներսում կառավարության անդամները ընդունել են Մաշտոցի այգում տեղադրված տաղավարների` եռամյա ժամկետում ապամոնտաժման մասին որոշումը, ինչը բնապահպանների դժգոհությունն է առաջացրել, ովքեր պահանջում են դա անել անհապաղ:
Իմանալով որոշման մասին` ակտիվիստները նշել են, որ չեն վստահում կառավարությանը և վարչապետին, ով ավելի վաղ իր ելույթներից մեկում ընդգծել էր, որ դեմ է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրմանը: Նրանց խոսքով` կառավարության և քաղաքապետարանի գործողություններում պակասում է հաշվետվության թափանցիկությունը: Ակտիվիստները մտադիր են շարունակել պայքարը:
11:25 Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացնում Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպան ակտիվիստները:
Նրանք «Ապամոնտաժեք» գրությամբ պաստառ են բացել, ակցիայի ընթացքում ակտիվիստները վանկարկում են «Այգին մերն է», «Եթե ԱՊՊԱ, ապա ապամոնտաժում» կարգախոսները:
Ակտիվիստները հայտարարություն են ընթերցել, որով պահանջում են պատժել երեկ երեկոյան այգում իրենց վրանն առգրավված ոստիկանններին: Նրանք նշել են, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն:
«ՀՀ քաղաքացիների կողմից վարձակալված կառավարության անդամներ, դուք պարտավորեք պահպանել հանրային շահը, այլ ոչ թե մի քանի օլիգարխների շահը», – հայտարարել է ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
Բնապահպանները նաև երգ են երգում.
«Մեր պահանջը հայտնի է` առանց բուտիկ այգի է,
Մեր վրանը քանդեցին, և դրանից չամաչեցին»:
Մոտ 6 տասնյակ ակտիվիստներին հսկում են մոտ 2 տասնյակ ոստիկաններ, որոնց հետ բողոքողները չեն ցանկանում խոսել: Լրագրողների հետ զրույցում ակտիվիստները նշել են, որ իրենք չեն շփվելու ոստիկանների հետ մինչև երեկվա գործողությունների մեղավորներին չպատժեն: Բնապահպանները նշում են, որ իրենց խոսքն ուղղված է կառավարության անդամներին:
Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը նշել է, որ բնապահպանները չգիտեն օրենքներ, իսկ եթե նրանց թվում կան օրենքին տիրապետողներ,ապա վերջիններս մոլորության մեջ են գցում իրենց ընկերներին: Նրա խոսքով ՀՀ կառավարության դիմաց աղմկոտ ակցիա անցկացնելն ինքնին անօրինական է, և ինքը կարող է ցրել հավաքվածներին:
Լուսանկարը` Մարիամ Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից