Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում 2012 թվականի հունվարի 31-ի իր որոշման մեջ փոփոխություն է մտցրել` չեղյալ համարելով լրագրողներին ԿԸՀ-ում հավատարմագրելու կարգի 11–րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը:
2-րդ կետում նշված էր, որ եթե լրագորղը տարածել է ընտրական հանձնաժողովների կամ պաշտոնատար անձանց մասին որևէ տեղեկություն, որը չի համապատասխանել իրականությանը և դա հաստատվել է դատարանում, ապա այդ լրագրողները չեն կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:
3-րդ կետի համաձայն, այն լրագրողները, որոնք դատապարված են եղել կամ նրանց դատվածությունը մարված չի եղել, նույնպես չեն կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:
Չնայած նման որոշում է կայացվել, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ այդ որոշման հետ կապված եղել են անընկալելի շահարկումներ: Նրա խոսքով կետերի առնչությամբ մտահոգությունը բացառապես արհեստածին է: Նշենք, որ կետերը դժգոհություններ էին առաջացրել խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մոտ:
ԿԸՀ նիստին ներկա է եղել «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունն է հայտնել այսօր կայացրած որոշմամբ:
«Լրագրողական կազմակերպություները մեկ շաբաթ առաջ հայտարարությամբ հանդես եկան և իրենց մտահոգությունը արտահայտեցին այդ կապակցությամբ: Այնտեղ խոսքը գնում էր նրա մասին, որ մի քանի դրույթները կարող են որոշ խոչընդոտներ առաջացնել լրագրողների աշխատանքում և հենց այդ մտահագությունները հիմնավորվում էին մեր այսօրվա պրակտիկայով: Մենք շատ լավ գիտենք, որ պետական ատյանների մասին որևէ քննադատություն կարող է սվիններով ընդունվել և կարող է ընկալվել որպես վիրավորանք և զրպարտություն: Որպես կանոն դատարանները բավարարում են այդ հայցերն ի օգուտ պետական ատյաների` ընդդեմ լրագրողի կամ լրատվամիջոցի: Ստացվում է, որ նման պարագայում լրագրողը կամ լրատվամիջոցը չէր կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում: Որոշ մեկնաբանություններ, որոնք արվում է Մուկուչյանի կողմից, իհարկե, վիճելի են, բայց դա քննարկման խնդիր է, իսկ ինչ վերաբերվում է բուն էությանը` ես պետք է իմ գոհունակությունը հայտնեմ», – ասել է Աշոտ Մելիքյանը:
Նա նաև նշել է, որ լավ կլիներ, եթե այդ մասի 1-ին կետն էլ չեղյալ հայտարարվեր, որտեղ նշված է, որ եթե լրագրողը անգործունակ է կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով, ապա ևս չի կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:
«Մենք կարծում ենք, որ լրատվամիջոցն ինքն է որոշում, թե ում ուղարկի ԿԸՀ և եթե այդ լրագրողը սահմանափակ գործունակ է, բայց կարողանում է աշխատել և դա բավարարում է խմբագրությանը և գլխավոր խմբագրին, ապա այստեղ սահմանփակում չարժի մտցնել: Բայց այս դրույթի պահպանումը չարյաց փոքրագույնն է: Սա նույնպես կարելի է քննարկել, եթե իրենք ցանկություն ունեենան, բայց դա այնքան վտանգավոր չէ, որքան 2-րդ և 3-րդ կետերը, որոնք ԿԸՀ-ն չեղյալ համարեց», – ասել է Աշոտ Մելիքյանը: