Նախկին «Գարուն», ներկաայիս «Վ.Կ.Ս. Արմենիա» կարի ֆաբրիկայի մոտ 400 աշխատողներ երեկ վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել և բողոքի ակցիա կազմակերպել հենց գործարանի բակում` պահանջելով վերանայել իրենց աշխատավարձերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ֆաբրիկայի աշխատակիցները պնդել են, որ խախտվում է իրենց աշխատանքային պայմանագիրը, իրենց աշխատավարձը չափից դուրս ցածր է` նրանք ստանում են 18, 20, 24 հազար դրամ աշխատավարձ։
Բողոքողները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը՝ այն հասցնելով գոնե մինչև 40-50 հազար դրամի։
«Մենք իրենից 100 հազար չենք պահանջում, ասում ենք՝ թող գոնե 40-50 հազար դրամ տա։ Շա՞տ բան ենք ուզում, մենք էլ ենք մարդ»,– դժգոհում էին աշխատակիցները։
«Հրապարակը» նշում է, որ գործարանը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանին, ով տարածքը վարձակալությամբ տվել է գերմանական «Վ.Կ.Ս. Արմենիա» ընկերությանը։ Երեկ օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցներին միացել է նաև Ենոքյանը, և գործարանի տնօրեն Քրիստիան Գելիջին։
Վերջինս, լսելով աշխատողների դժգոհությունները, նշել է, որ փոփոխությունների պատրաստ չէ` աշխատողները որքան աշխատանմուշ կարում են, այդքան էլ վարձատրվում են։ Այսինքն՝ չկա նվազագույն աշխատավարձ, որին կգումարվեն կատարված աշխատանքի տոկոսները։
«Ուզո՞ւմ եք՝ 100 հազար կվճարեմ։ Կարեք այդքան նմուշ և կվարձատրվեք ըստ այդմ», – ի պատասխան դժգոհությունների, ասել է Քրիստիան Գելիջին։
Սակայն աշխատողները պնդում էին, որ իրենք ֆիզիկապես չեն կարող կատարել այն պլանը, որը դրվում է իրենց առաջ։
«Մենք առավոտ 8:30-ից գալիս ենք աշխատանքի, ստրուկի պես աշխատում ենք, բայց ողորմելի աշխատավարձ ենք ստանում։ Ասում եք՝ շատ աշխատեք, շատ կտամ, բայց Դուք մեր վրա այնպիսի պլան եք դնում, որ դա անհնար է կատարել», – հակադարձել է աշխատողներից մեկը։
«Մեր սիստեմն ուրիշ է և կապված է Գերմանիայի հետ։ Մենք չենք կարող դրանից դուրս աշխատել։ Եթե Հայաստանում չստացվի, կտանենք ուրիշ երկիր», – պատասխանել է տնօրենը։
Պատգամավոր Գոհար Ենոքյանը, իր հերթին, նշել է, որ ինքը «չի խառնվում իրանց աշխատավարձի հարցերի մեջ»։
«Դա իմ իրավունքը չի։ Ինքն ա աշխատանքով ապահովում, ինքն ա վարձատրում։ Ես չեմ աշխատում, դա իմ պազիցիան չի։ Ես պատգամավոր եմ, որ էսօր իրանց հետ կանգնած եմ և ուզում եմ հասկանալ` ինչն ա պատճառը։ Ես էլ ձեր պես էսօր իմացել եմ, որ աշխատավարձի պրոբլեմ կա»,– ասել է նա:
Ենոքյանը նշել է, որ բարոյական իրավունք չունի միջամտել և ասել այսքան կամ այնքան աշխատավարձ տվեք:
«Դուք լսեցիք, թե տերն ինչ ասաց։ Ասաց, որ կթողի-կգնա, բայց դա հարցի լուծում չի։ Պտի գտնենք ուրիշ տարբերակ, ուրիշ մարդ բերենք, որ սենց աշխատանք անի, բայց մի քիչ բարձր աշխատավարձով։ Եթե կարգին աշխատանք լիներ, բիզնեսն ավելի լավ կլիներ», – ասել է նա։
Գործադուլի մասնակից կանայք պնդել են, որ շարունակելու են պայքարը: Նրանք պատրաստ են չաշխատել այնքան ժամանակ մինչև աշխատավարձները չբարձրացնեն: