Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե Կոնգրեսում, բացառությամբ մեկ-երկու հոգու, բոլորը ագենտներ են և կատարում են այլ պետության պատվերները:
«Մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանել, որովհետև մենք մեկնաբանում ենք քաղաքական գործիչներին, մենք մեկնաբանում ենք մտքերը: Եվ քանի որ այս պարագայում երկուսն էլ բացակայում են, ապա չարժե անդրադառնալ դրան», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը բացասական է վերաբերվում այն ուժերին, ովքեր ղեկավարվում են դրսից և Հայաստանում ներկայացնում են այլ պետության շահերը:
«Հանած մեկ-երկու հոգու` Արամ Սարգսյանի, ևս մի երկու մարդու, նրանք բոլորը ագենտներ են և կատարում են այլ պետության պատվերները: Դա ակնհայտ է, և դուք բոլորդ էլ դա գիտեք», – ասել էր Հայրապետյանը: