Home / Հայաստան / ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միասին 100 պատգամավոր կունենան. կանխատեսում

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միասին 100 պատգամավոր կունենան. կանխատեսում

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանն աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով, որոնցից առաջինն այն է, որ տեղի է  ունենում տոտալ հանրապետականացում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքագետի խոսքով` դա դրսևորվում է մի շարք հանգամանքերով` ՀՀԿ-ի շարքերում հայտնվեցին երկու նախարարները,  ավելի վաղ վարչապետը, իսկ դա, նրա խոսքով, նշանակում է, որ գործադիր իշխանությունը, ըստ էության, սերտաճում է  իշխող կուսակցության հետ:

«Ես ենթադրում եմ, որ ՀՀԿ-ն խնդիր է դրել իր առաջ պառլամենտում ներկայացված  լինել 65-70 մանդատով: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր առջև խնդիր է  դրել  ձևավորել մոնոլիտ միակենտրոն իշխանություն», – ասել է քաղաքագետը:

Խոսելով իշխանության և ընդդիմության մասին` Սուրենյանցն ասել է, որ երկու թևերում էլ տեղի են ունենում ոչ հարթ գործընթացներ: Իշխանական թևում դա ՀՀԿ-ԲՀԿ բարդ հարաբերություններն են, իսկ ՀԱԿ-ում համամասնական ցուցակների հետ կապված հարցերը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար պետք է մտածի, գտնի նոր գործիքներ` ՀԱԿ-ի միասնականությունը, կամ ամբողջականությունը պահպանելու համար, որովհետև այս ընտրական ցիկլը որոշակիորեն կարող է ազդել ՀԱԿ-ի միասնականության վրա: Եվս մեկ ինտրիգ կա, դա «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» հնարավոր դաշինք է: Եթե այն կայանա ընդդիմադիր դաշտի կոնֆիգուրացիայիում որոշակի փոփոխություններ անպայման կլինեն», – ասել է Սուրենյանցը:

Նրա կանխատեսումներով` ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կտիրապետեն 100 մանդատի, իսկ ԱԺ-ում կլինեն նաև ՀՅԴ-ն, և դաշինքը կայացնելու դեպքում նաև «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» խումբը:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի, այլ կդառնա խորհրդարանական ընդդիմություն` միևնույն ժամանակ շարունակելով հանրահավաքներ անել ու օգտագործել ԱԺ-ի ամբիոնը նախագահական ընտրությունները սպասարկելու համար: