Home / Հայաստան / ՀՀ ոստիկանությունը դիմել է էժանագին և ստոր քայլի, պնդում են ակտիվիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը դիմել է էժանագին և ստոր քայլի, պնդում են ակտիվիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մաշտոցի պուրակում մեկ ամիս բողոքի ակցիա անցկացնող բնապահպանների նկատմամբ երեկ երեկոյան բիրտ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից: Այս մասին ասված է բողոքի ակցիաների մասնակից «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ ժամը 21.30-ի ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է քանդել նստացույց իրականացնող ակտիվիստների տեղադրած վրանը` այնտեղից դուրս հանելով բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին:

Ոստիկանությունը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ իր գործողությունները բացատրել է նրանով, որ «վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտմանը»:

Բնապահպաններն իրենց հայտարարության մեջ ընդգծում են, որ վրանը քանդելու սցենարը ՀՀ ոստիկանությունը նախապես է ունեցել:

«Ավելին` ուներ նաև հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգստություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված մեր հարցին, սակայն,  ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանեցին, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»: Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3 արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գոռգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գոռգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:

Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս, արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը», – նշում են ակտիվիստները:

Նրանք ընգծում են, որ վրանը տեղադրվել է մարտի 13-ին իրենց նստացույցի մեկնարկի օրը, ինչը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ:

«Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը` նրան թողնելով դրսում սառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում:

Այդպիսով, ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար:

Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին: Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին անգամ վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուները», – պնդում են ակտիվիստները:

Նրանք նաև նշում են, որ ոստիկանության տարածած հայտարարությունը կամայական է, սուբյեկտիվ և չի համապատասխանում իրականությանը:

Հայտարարության մեջ բնապահպանները ընդգծում են, որ չեն հեռանալու այգուց մինչև այգուց չապամոնտաժվեն կապամոնտաժվեն անօրինական կառույցները, բացի դա դիմում են ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանության պետին` պահանջելով Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողությունները ղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց: