Հանրապետական կուսակցության պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի առաջադրվելու 2012-ի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախորդ տարի Հայրապետյանն ասել էր, որ չի տեսնում իրեն ԱԺ-ում և չի պատրաստվում պատգամավոր դառնալ, սակայն հետո նշել էր, որ իր կուսակցությունը գտնում է, թե ինքը պետք է առաջադրվի:
Որոշման հերթական փոփոխությունը Հայրապետյանը բացատրել է նրանով, որ ինքը զբաղված է ֆուտբոլային գործունեությամբ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոմիտեների փոխնախագահ է և հաճախ է բացակայում երկրից, իսկ իր բացակայությունները, պատգամավորի խոսքով, «շահարկվում են արժող-չարժողների կողմից»:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե կարող էր որոշումները փոխելու հարցը փիառ քայլ լինել` Հայրապետյանը բացասական պատասխան է տվել` նշելով, որ մի պահ կուսակցությունը իրոք որոշել էր, որ ինքը պետք է առաջադրվի, սակայն հետագայում կուսակցությունը և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հասկացել են իր զբաղվածությունը ու նման որոշում են կայացրել:
Հայրապետյանը նշել է, որ երկրի նախագահն իր առջև խնդիր է դրել Հայաստանի հավաքականը դուրս բերել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ, այդ իսկ պատճառով ինքը պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա:
ՀՖՖ նախագահի խոսքով` իրեն ստիպել հնարավոր չէ, սակայն իր ընկեր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մամուլում ափսոսանք էր հայտնել Հայրապետյանի չառաջադրվելու կապակցությամբ, կարող է խնդրել իրեն փոխել որոշումը:
«Նա իմ ընկերն է, այն մարդն է, ով կարող էր ինձ փորձել համոզել, բայց չեմ կարծում, որ կանի դա», – նշել է ՀՖՖ նախագահը: