Բրիտանական The Guardian պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա կնոջ` Ասմայի անձնական նամակագրությունները: Այսօր պարբերականը հատվածներ է հրապարակել նամակագրությունից:
Էլեկտրոնային փոստով ուղարկված մոտ 3000 հաղորդագրություններ պարունակող արխիվը The Guardian-ին են փոխանցել Սիրիայի հեղափոխական գերագույն խորհրդի ներկայացուցիչները: Պարբերականը պնդում է, որ հանգամանորեն ուսումնասիրել է հաղորդագրությունների իսկությունը, և հավանաբար կարելի է խոսել այն մասին, որ նամակագրությունն իրոք պատկանում է Ասադին: Թեև, ինչպես ընդգծում է թերթը, «ամբողջությամբ բացառել կեղծիքի հավանականությունը նույնպես հնարավոր չէ»:
Ըստ պարբերականի` նամակագրությունից, մասնավորապես, կարելի է եզրակացնել, որ Ասադը հակակառավարական ընդվզումների մեկնարկից հետո բազմիցս խորհրդատվություն է ստացել Իրանի պաշտոնատար անձանցից, ինչպես անմիջականորեն, այնպես էլ` միջնորդների միջոցով:
Նամակները նաև վկայում են այն մասին, որ Ասադը մտերիմ խորհրդականների հատուկ խումբ է ձևավորել: Այդ մարդիկ հնարավորություն են ունեցել անմիջականորեն կապվել Ասադի հետ նրա անձնական էլեկտրոնային փոստի միջոցով:
Պարբերականը մեջբերում է նաև հատված Ասադի կնոջ և Քաթարի էմիրի դստեր նամակագրությունից, որտեղ վերջինս խորհուրդ է տալիս Սիրիայի նախագահին լքել պաշտոնը: Էմիրի դստեր կողմից ուղարկված նամակում նաև ասվում է, որ հրաժարականի դեպքում նախագահի ընտանիքը կարող է ապաստան ստանալ Դոխայում:
Նախագահի նամակագրությունից կարելի է նաև որոշ անձնական բնույթի տեղեկություններ իմանալ: Նա, օրինակ, շրջանցելով իր իսկ կողմից ԱՄՆ-ի հանդեպ սահմանած պատժամիջոցները, մի շարք ծրագրեր և երաժշտություն է ներբեռնել ինտերնետ App Store խանութից: Մասնավորապես, նա iTunes-ում ներբեռնել է Right Said Fred, New Order, LMFAO խմբերի երգերը, ինչպես նաև քանթրի երգիչ Բլեյք Շելտոնի գործերը:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարի է` չեն դադարում զինված բախումները հակակառավարական ուժերի և ընդդիմության միջև: Սիրիական ընդդիմությունը հայտարարում է 7,5 հազար զոհերի մասին, միաժամանակ պաշտոնական Դամասկոսը հաղորդում է «զինված ահաբեկիչների» ձեռքով սպանված երկու հազար ոստիկանների և զինվորականների մասին: