Մարտի 14-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:
Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, սակայն սեփական հարկի տակ մադրիդցիներին հաջողվեց իրացնել առավելությունը: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, ով մոտ տարածությունից եզրափակեց Կակայի փոխանցումը ձախ եզրից:
Երկրորդ կեսում Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո կոպիտ սխալ գործեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Չեպչուգովը, ում ձեռքից գնդակն անդրադարձավ ցանցի մեջ:
Վերջնականապես դաշտի տերերի հաղթանակն ամրագրեց Կարիմ Բենզեման, ով փոխարինման դուրս գալուց 1 րոպե անց գրավեց մոսկվացիների դարպասը՝ 3:0: 77-րդ րոպեին Զորան Տոշիչը մեկ անգամ տխրեցրեց «ռեալիստներին» գեղեցիկ հարված կատարելով, սակայն մրցավարի ավելացրած րոպեներին Կարիմ Բենզեման հարվածի դուրս բերեց Ռոնալդուին, ով գնդակը գլորեց անպաշտպան դարպասը:
Վստահ հաղթանակ տարած մադրիդցիներին միացավ անգլիական «Չելսին», որը հիմնական ժամանակում հաղթեց իտալական «Նապոլիին» 3:1 հաշվով: Քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաջողության էին հասել «Նապոլիի» ֆուտբոլիստները, լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որի ընթացքում էլ՝ 105-րդ րոպեին, տուգանային հրապարակում հայտնված պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը գեղեցիկ հարվածով ամրագրեց «Չելսիի» հաղթանակը 4:1 հաշվով:
Այսպիսով, քառորդ եզրափակիչ են դուրս եկել իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան», իտալական «Միլանը», գերմանական «Բավարիան», անգլիական «Չելսին», ֆրանսիական Մարսելի «Օլիմպիկը», Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը և պորտուգալական «Բենֆիկան»: Հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա ուրբաթ: