Պաշտոնական դիրքի չարաշահման համար բանտում պատիժ կրող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այժմ մեղադրվում է 1996 թվականին քաղաքական գործչի և ևս երկու անձանց սպանությունը պատվիրելու մեջ:
Ըստ դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինի` Տիմոշենկոյի և նախկին վարչապետ Պավլո Լազարենկոյի կողմից ղեկավարվող ընկերությունները փող են փոխանցել մարդասպաններին խորհրդարանի պատգամավոր Եվգենիա Շերբանի սպանութունն իրագործելու համար: Շերբանը սպանվել էր օդանավակայանում 1996 թվականին, երբ կնոջ և որդու հետ Ռուսաստանից Դոնեցկ էր ժամանել:
«Մենք արժանահավատ տեղեկություններ ունենք, որ այն նույն հաշիվները, որոնք Տիմոշենկոն օգտագործում էր զարդեր և այլ թանկարժեք իրեր գնելու համար, օգտագործվել են մարդասպաններին հանցագործության դիմաց վճարելու նպատակով»,- ասել է Կուզմինը:
Հիշեցնենք, որ 51-ամյա Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահման և երկրի բյուջեին մեծ վնասներ հասցնելու համար:
Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ Կուզմինի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և որ դրանք Տիմոշենկոյի կերպարը Ուկրաինայում էլ ավելի նսեմացնելու նպատակ ունեն:
Նա գլխավոր դատախազի գրասենյակը «էժանագին PR գործակալություն» է անվանել, որը «բանբասանքներ է տարածում և չի աշխատում իրավական փաստերի հետ»:
Տիմոշենկոն, իր հերթին, վստահություն է հայտնում, որ իր հանդեպ իրականացվող հետապնդումները նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձեռքի գործն են, քանի որ վերջինս նպատակ ունի հեռացնել իրեն քաղաքական դաշտից:
Կուզմինը նշել է, որ դատախազներն այժմ քննում են գործը նրան պաշտոնապես մեղադրանք առաջադրելու նպատակով, սակայն դրա համար նրանց անհրաժեշտ է Լազարենկոյին հարցաքննել, ով ներկայումս Կալիֆորնիայի բանտում է գտնվում կաշառակերության մեղադրանքով: