«Արմավիա» ավիաընկերությունն այսօր հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կրկին չի կատարում համաձայնագրով սահմանված պարտավորվածությունները և մեկ լումայով անգամ չի իջեցրել գները, մինչդեռ, «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովայի հաղորդմամբ, ավիաընկերությունն արդեն վճարել է խոստացած գումարի 50%-ը:
«Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գևորգ Աբրահամյանը Epress.am-ի հետ զրույցում պնդել է, որ «Զվարթնոցը» կատարում է պայմանագրի բոլոր կետերը:
«Որևէ կետի խախտում չկա», – ասել է Աբրահամյանը:
Երկու ընկերությունների միջև նախորդ չորս օրերի լարված քննարկումների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել, որով «Զվարթնոցը» պարտավորվում էր կատարել «Արմավիայի» ներկայացրած պահանջները, եթե վերջինս նշված ժամկետներում մինչև սեպտեմբեր մարի իր պարտքը:
Ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը երեկ հայտարարել էր, որ պարտքի մարումն ըստ փուլերի կսկսվի մարտի 31-ին ու կավարտվի սեպտեմբերին, իսկ պայմանավորված սակագները կգործեն մեկ տարվա համար: