«Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը այլևս չի ցանկանում որևէ բիզնես ունենալ Հայաստանում, սակայն Հայաստանից մշտական չի հեռանա:
«Պիտի գամ ու հաճախ կգամ, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը, և ինձ այդ առավելությունը տվեցին, որ կարողանամ վայելել իմ տունս, մինչև փոփոխություններ լինեն…», – «Առավոտի» հետ զրույցում ասել է Գործունյանը, ով այս օրերին կրկին Երևանում է:
Տիկին Գործունյանն իր երևանյան բնակարանը, որ գտնվում էր «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի վերևի հարկում, նույնպես վաճառել է սրճարանի գնորդներին: Նրանք տիկին Գործունյանին մեծահոգաբար առաջարկել են ցանկացած ժամանակ գալ և մնալ այդ բնակարանում, թեև չի բացառվում, որ մի քանի տարի հետո այդ բնակարանն էլ դառնա սրճարանի մի մասը: Սրճարանի նոր տերերի ազգանունները տիկին Գործունյանը չէր հիշում, միայն անուններն ասաց` Մխիթար և Վահագն` «պարզ, ամեն մարդու պես մարդիկ են, որ վարկ են վերցրել այդ տեղն առնելու համար, ճանաչված մարդիկ չեն»:
«Առավոտի» հարցին` իմացա՞ն ֆրանսահայերը իր բիզնեսի հետ կապված պատմությունը և ի՞նչ արձագանք ունեցավ այն, տիկին Գործունյանը պատասխանեց. «Անշուշտ, իմացան: Ես հարցազրույց տվեցի «Նուվել դ՜Արմենի» թերթին, որ մեր ամենակարդացվողն է: Գիտեք, իրենք բոլորն էլ շատ լավ գիտեին այդ խնդիրների մասին, որովհետեւ ամեն անգամ, ովքեր խնդիրներ ունեցել են, այդ մասին գրվել է դուրսը: Սփյուռքը շատ լավ գիտի իրականությունը, Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակը, ամեն մարդ գիտի, ուղղակի զգում են, որ դրսից չեն կարող շատ բան փոխել, ներսից պիտի փոխվի:Դժբախտաբար գիտեն ամեն բան: Կամ` բարեբախտաբար: Լավը երևի գիտենալն է, որ պատրաստ լինես և կարողանաս պայքարել, դիմադրել: Կարող է շատ բացասական բաներ ենք խոսում, բայց այդ բացասականը պետք է, որ այդ մարդիկ (նկատի ունի իշխանություններին) իրենց նայեն մեր աչքերով և կարողանան տեսնել հայելու մեջ, լսեն քննադատությունը և այդ իրականությունը կարողանան փոխել, որովհետև մեր իրականությունն այսօր շատ տգեղ է… Հայաստանից արտագաղթողների քանակն ավելի շատանում է… Եվ նրանց վիճակն ահավոր է, նրանք ստիպված են գողություն անել, որ գոյատևեն… Ամեն ինչ սխալ է: Այս մեր հասարակության մեջ շատ վատ է վիճակը, մենք սարսափելի վիճակի մեջ ենք… Ես շատ մտահոգված եմ, ջան, բայց ես ո՞վ եմ, որ ինչ-որ բան փոխեմ: Ես ոչ մի բան չեմ կարող փոխել մենակս, դժբախտաբար: Թե չէ` կփոխեի… Ամեն մարդ պիտի իր պատասխանատվությունն ունենա եւ իր պատասխանատվությամբ, իր գործով աշխատի: Օրինակ, երեկ ես գիշերը ժամը 12-ին կարդացի, որ 300 ոստիկան է լցվել Մաշտոցի այգին, վեր կացա վազեցի…Նորմալ մարդը պիտի իր ամեն ջանքը դնի, որ մեր երկիրը փոխվի, որովհետև չի կարող էսպես շարունակվել: Անհնարին է», – ասել է Գործունյանը: