Հանգիստն ավելի բովանդակալից դարձնելու նպատակով «Ջերմուկի զարգացման կենտրոնի» ակտիվ երիտասարդների և քաղաքապետարանի ջանքերով մարտի 11-ին Ջերմուկում կազմակերպվեց «Ձնեմարդուկ» փառատոնը:
Կազմակերխիչների փոխանցմամբ` գարնանային ջերմության ակնկալիքով ձյանը հրաժեշտ տալու էին եկել Վայոց ձորի մարզի տարբեր կողմերից: Հագեցած ծրագրով փառատոն-մրցույթն իր մեջ ներառում էր «Լավագույն ձնեմարդ» և «Լավագույն ձնեքանդակ» անվանակարգերը, զվարճալի խաղեր, դահուկավազք և նույնիսկ ֆուտբոլ:
Ջերմուկի բոլոր այցելուների համար ճոպանուղին անվճար էր: Մինչև կեսօր արդեն հայտնվեցին բազմաթիվ հետաքրքիր քանդակներ, որոց կողքին իր պատվավոր տեղն էր գտել ձմեռային հագուստին հրաժեշտ տված գարնանային հանդերձանքով ձնեմարդուկը: Իսկ արևայրուք ընդունող կիսամերկ ու կարմրաթուշ տատիկի ձնե քանդակը ոչ միայն բարձրացրեց հյուրերի տրամադրությունը, այլև շահեց 2-րդ մրցանակը: Առաջին պատվավոր տեղը գրավեց ժպտերես հսկա փղիկը: Իսկ քանդակը կերտող թիմը ստացավ մեկօրյա հանգստի հնարավորություն Ջերմուկի լավագույն հյուրանոցներից մեկում: