«Հանրապետական կուսակցությունը հրավիրում է աշխատանքի ակտիվիստների ֆիքսված աշխատավարձով (+/-)»: Նման տեքստով հայտարարությունը վերջին օրերին տարածվում է ողջ Երևանով, գրում է «Երկիր» օրաթերթը: Թերթի թղթակիցը երեկ հայտարարությունը ձեռքին այցելել է ՀՀԿ-ի գրասենյակներից մեկը` ծանոթանալու աշխատանքի պայմաններին: Նրան բացատրել են, որ աշխատանքը` համոզելն է մարդկանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«Վերջիվերջո, ՀՀԿ-ն հաղթելու է, ինչու փող չաշխատել», – համոզել են ՀՀԿ-ում:
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, իր հերթին, նշում է, որ տվյալ աշխատանքի համար առաջարկում են 50 հազար դրամ աշխատավարձ և բոնուս` կախված նրանից, թե քանի ընտրող կարող է ընտրատեղամաս բերել ակտիվիստը: 50 հազար աշխատավարձի դիմաց մարդը պետք է պարտավորվի 10 ընտրող բերել, իսկ 10-ից ավել մարդկանց համար սկսում է աշխատել բոնուսը` 5-10 հազար դրամ որոշակի խմբաքանակի համար: Ակտիվիստները պետք է աշխատեն մարդկանց հետ, պարզեն, թե ինչ խնդիրներ ունեն նրանք, և ՀՀԿ-ի անվամբ լուծեն այդ խնդիրները: Այս ամենը ՀՀԿ գրասենյակից պատմել են թերթի թղթակցին, ով զանգահարել է` ներկայանալով որպես Ղարաբաղից եկած ուսանող: ՀՀԿ-ում իրեն ասել են, որ աշխատողը պետք է Արաբկիր համայնքի շենքրից մեկում բնակարան առ բնակարան անուն-ազգանուններով հավաքի մարդկանց տվյալները, իսկ հետո ընտրությունների օրը պետք է վերցնել մարդկանց` 5 կամ 10 հոգի, և գալ ընտրական տեղամաս, որպեսզի «նրանք ընտրություն անեն»: Լրագրողի զրուցակիցը նշել է, որ իրենք ամեն կերպ կօգնեմ տվյալ հարցում` կարող են նաև մարդկանց փոխադրման մեքենա տրամադրել, թեև «մոտիկ տարածության վրա ա գտնվում ընտրատեղամասը, կարող են ոտքով գալ»:
Զանգահարողը հարցրել է, թե ինչպես ինքը կարող է իմանալ, որ ընտրությունների ժամանակ իրեն չեն խաբի և կընտրեն «մեր նախագահի կուսակցությանը»:
«Այ հենց դրա համար էլ ասում եմ, պետք ա լինի տարածքի մարդ: Այսինքն, հարևանը հարևանին վրյադ լի խաբի: Ասենք` կարող ա խաբի մի 50 տոկոսը, բայց ոչ 100 տոկոսը: Անցած անգամ եղել ա, որ մարդը եկել ա ուրիշի ա ընտրել, մենք իմացել ենք, որ ինքը ուրիշի ա ընտրել: Մենք իմանում ենք: Բայց դու պետք ա էնքան ճիշտ աշխատես, ինքն էլ պետք ա մի քիչ բարեխիղճ լինի, որ եթե մարդը իրա համար ամեն ինչ անում, պետք ա իրանք իրանց խոսքի տերը լինեն», – ասել է ՀՀԿ-ականը:
«Ուսանողը» նաև մտավախություն է հայտնել, որ ընդդիմության ներկայացուցիչները կամ լրագրողները կարող են նկարահանել այն պահը, երբ ինքը խմբերով մարդկանց կբերի, կամ մոտենան և հարցրեր տան:
Նրան հավաստիացրել են, որ նման բան չի լինի, իրեն «ոչ ոք չի նեղացնի»:
«Դուք ոչ մի հանցագործություն չեք անում: Ոչ ոք իրավունք չունի արգելք ձեզ հանդիսանա ու ասի` դուք իրավունք ունեք, կամ` չէ: Դուք իրավունք չունեք գուցե ընտրելու, քանի որ ԼՂՀ քաղաքացի եք, բայց դուք մասնակցելու` որպես անհատ, օգնելու իրավունք ունեք», – ասել են գրասենյակից:
Զանգահարողին առաջարկել այցելել իրենց, հարցնել ՀՀԿ-ի գրասենյակի Նարինեին, ով իրեն կուղեցկի տնօրինության մոտ, որտեղ էլ հնարավոր է խոսել մանրամասների մասին: