ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչև ԱԺ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները։ Թամամյանը և գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրաոել։
Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, և կողմերը պատրաստվում են ճառերին։ ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրաոելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը։ Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով՝ դառնալով չորս տարի։
«Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգևներ ունի։ Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա և ազատ կարձակվի դատարանի դահլիճից», – նշում է թերթը։
«Հայկական ժամանակն» ընդգծում է, որ նման հեռանկարը, կարծես, պետք է ուրախացնի ամբաստանյալին, բայց երեկ դատարանի դահլիճում Թամամյանը խիստ լարված է եղել։
«Սրա համար պատճառներ ունի։ Բանն այն է, որ նա ամենալավը գիտի, որ գործ ունի քցող և խաբեբա իշխանությունների հետ, որի մի մասնիկն է եղել ինքը։ Թամամյանին հաստատ խոստացել են, որ ազատ են արձակելու, բայց որևէ երաշխիք չկա, որ այդ խոստումը կկատարեն։ Ի վերջո, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին համարյա քցել են։ Մեր տեղեկություններով, նրան խոստացել են փոխել խափանման միջոց կալանքը, եթե վերականգնի նյութական վնասը։ Օհանյանը վնասը վերականգնել է, բայց ազատ չի արձակվել։ Այս պատմությունը Թամամյանը գիտի, որովհետև «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում պահվում է Օհանյանի հետ միասին, նույն խցում։ Բայց մյուս կողմից՝ ելք չունի, որովհետև Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չճանաչեց և ավելի բարդացրեց իր վիճակը։ Թե ինչ կլինի Թամամյանի հետ, դժվար է ասել։ Թե նրա, թե Օհանյանի ճակատագիրը, սակայն, մեծապես կախված է այն բանից, թե նրանք Սերժ Սարգսյանին ինչ ծառայություններ կարող են մատուցել առաջիկա խորհրդարանական ընտրությունների իմաստով», – գրում է «Հայկական ժամանակը»։