Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության և Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ:
Ինչպես հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի գրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն ընդգծել են ընտրությունների ազատ և արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաև եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար:
Զուրաբյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար:
Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաև այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: