90-ականներին Երևանի նախկին քաղաքապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօր «Ազատ դեմոկրատների» համագումարին իր ներկայությունը պայմանավորել է նրանով, որ այդ կուսակցության անդամներն իր 20 տարվա ընկերներն են և «միասին ճանապարհ են անցել»:
Epress.am-ի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ ինքն էլ դառնա կուսակցության անդամ, Սիրունյանն ասել է, որ դա անհնար է մինչ խորհրդարանական ընտրորթյունները, սակայն ընտրություններից հետո այդ հարցի շուրջ կմտածի:
«Ես «Ազատ Դեմոկրատների» համամասնական ցուցակում լինել չեմ կարող, քանի որ, ինչպես արդեն հայտարարել եմ, ես մեծամասնականով առաջադրվում եմ Արաբկիրի 4-րդ ընտրատարածքում»,- ասել է նա:
Սիրունյանը հիշեցերել է, որ խզել է իր հարաբերությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ, իսկ դավաճանության մեջ իրեն մեղադրող ՀԱԿ ներկայացուցիչների վերաբերյալ ասել է. «Դավաճան ինձ անվանում են նրանք` Մյասնիկ Մալխասյանը և Գագիկ Ջհանգիրյանը, ովքեր բազմիցս իրենց սկզբունքները դավաճանել են»:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո և ազատ արձակվել 2009 թվականի հունիսին:
Լուսանկարը` aravot.am-ի