Մոզրովի քարանձավի կառուցածքից անտեղյակ մարդու համար գուցե այնքան էլ սարսափելի չթվան օրեր առաջ քարանձավի փլուզումներն ու բերկորները: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե քարանձավ ներթափանցող մի փոքր քարի կտորը կամ փոշին ինչքան վնաս կարող են տալ քարանձավին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը:
«Երեքշաբթի օրը եղել եմ քարանձավում, ու եթե ցույց տամ նկարները, դուք չեք պատկերացնի այն, ինչը Մշակույթի նախարարությունն անվանեց քարաթափ, որքան վտանգավոր փլուզում է քարանձավի համար», – ասել է նա:
«Քարանձավի բարձիթողի վիճակը տեսնելով` հասկանում ես, որ միգուցե ինձ պես շատ քարանձավախույզներ մտնեին քարանձավ ու իրենց գլխին ինչ-որ բան ընկներ , կասեին՝ դժբախտ պատահար է, ոչ թե ինչ-որ մեկի անուշադրության հետևանք», – նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ անտերության մատնված քարանձավում աստիճանաբար վերանում են քարանձավի բնական գեղեցկությունները՝ կորցնում է փայլն ու հմայքը:
Հանդիպման մասնակից «ՀՀ քարանձավագիտության» կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը նշել է, որ Մոզրովի քարանձավը չի փլուզվել:
«Փլուզվել է միայն մուտքը և չնայած իրենց փխրուն կառուցվածքին, քարանձավները բավականին ամուր են: 1973 թվականին, երբ օդանավակայան կառուցելու նպատակով այդ տարածքում տրակտորով ճանապարհ են բացել, հայտնաբերել են «Մոզրովի» քարանձավը» – պատմել է Շահինյանը:
Նա հիշեցրել է, որ 1974 թվականին այս քարանձավում եղել է առաջին փլուզումը, ինչի արդյունքում բացվել է քարանաձավի մուտքը, ու մարդիկ, ներս մտնելով, հայտնաբերել են այդ հրաշք աշխարհը:
«Այս փլուզումը տեղի էր ունեցել տրակտորի ծանրության ու աշխատանքների հետևանքով ՝ այն հատվածում, որտեղ առաստաղը բարակ էր՝ փլուզվել էր: Դրանից հետո քարանձավում փլուզումներ չեն եղել, պարզապես մնացել էին չափից շատ կախված քարերն ու ճաքեր: Եթե ժամանակին այդ քարերը քարաթափեին ու տարհանվեին, ապա վտանգները շատ ավելի քիչ կլինեին», – նշել է Շահինյանն ու հիշեցրել՝ որպեսզի քարանձավի մուտքը երջնականապես չփակվի, պետք է պարզապես մնացած, իրենցից վտանգ ներկայացնող կախված քարերը ինժեներական մեթեդներով փլուզել ու հանել այնտեղից:
«Հայաստանի քարանձավների փրկության միակ ելքը դրանք շահագործման հանձնելն է: Երկրորդ տարբերակ չկա: Տալ չի նշանակում՝ տալիս եմ՝ կեր, ինչպես ընդունված է Հայաստանում, այլ տալիս են օրենքով: Սեփականատեր լինելով պետությունը պայմանագիր է կնքում ու պարտադրում հետևել դրան», – ասել է նա: