14:10 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թշնամանք չի տածում Հայաստանում որևէ կուսակցության հանդեպ: Այս մասին այսօրվա համագումարին իր ելույթում հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք երկրի ներսում թշնամիներ չենք փնտրում և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրույթուններից պետք է դուրս գանք համախմբված: Մեզ թշնամանք պետք չէ»,- ասել է Ծառուկյանը: Նրա խոսքով` առաջիկա ընտրություններից կախված կլինի` «ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ»:
Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներին, այդ թվում` արտագաղթին: Այս առնչությամբ նա հիշել է Շարլ Ազնավուրի` Հայաստանի դատարկվելու մասին հայտարարությունը:
Ծառուկյանի խոսքով` մարդիկ երկրից գնում են, քանի որ այստեղ չեն կարողանում իրենց հացը վաստակել:
«Եթե առաջիկայում այդ խնդրի լուծումը չտանք, ապա արտագաղթի թիվը գնալով ավելի մեծ տոկոս է կազմելու», – ասել է Ծառուկյանը:
Խնդրի լուծումը նա տեսնում է մանր և միջին բիզնեսի զարգացման մեջ: Ուստի, Ծառուկյանի խոսքով, ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացվում այդ խնդրի լուծմանը:
Իր ելույթի վերջում Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ «ունենալու ենք մեր երազած Հայաստանը»:
ԲՀԿ-ի համագումարին հնչեց «Եդինայա Ռոսիայի» ողջույնը
13:17 Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը:
Համագումարին մասնակցելու հրավեր ուղարկվել էր միայն խորհրդարանական խմբակցություններին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»:
ՀՅԴ-ն այսօրվա համագումարին ներկայացնում են Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը, «Ժառանգությունը»` Ստեփան Սաֆարյանն ու Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը: Համագումարին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դահլիճում են նաև դիվնագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այս պահին «Եդինայա Ռոսիայի», մասնավորապես, “ԵՌ”-ի խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովի ողջույնի խոսքն է փոխանցում կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Նեվերովը: Բորիս Գրիզլովը հաջողություն է մաղթել ԲՀԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում` նշելով, որ ԲՀԿ-ի և ռուսաստանի իշխող կուսակցության միջև համագործակցությունը չափազանց կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եդինայա Ռոսիա»-ի կողմից հնչեցվելիք ելույթի մասին հայտարարել էր նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
«Թե կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ», – ասել էր Գալստյանը:
Հիշեցնենք, որ որ Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։