Ոստիկանութան կողմից կլոր սեղանի հրավիրված բնապահպան կազմակերպությունները, այդ թվում` «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները չեն մասնակցելու քննարկմանը և որևէ մեկին չեն լիազորում հանդես գալու իրենց նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից:
«Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ», – ասված է նախաձեռնությունների տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
«Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին», – նշում են բնապահպանները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման:
Բնապահպանները նշում են, որ իրենք պատրաստ կլինեն քննարկել տարբեր հարցեր միայն ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո: