Ինչպես բոլոր կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս այս օրերին զբաղված է նախընտրական գործընթացներով` ցուցակ են կազմում, ճշտում քարոզչության ուղղությունները:
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ` առայսօր միայն հայտնի է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի գլխավորելու ցուցակը: Ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Ցուցակի մյուս հատվածը պահվում է մեծ գաղտնիության պայմաններում:
Ըստ որոշ լուրերի, հնարավոր է, որ երրորդ տեղում լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Թերթին հաջողվել է ճշտել միայն, որ ցուցակի առաջին կինը, այսինքն` վեցերորդ տեղում ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը: ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է և անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: Ըստ «Հրապարակի»` ՀՅԴ-ն այս անգամ հանդես է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»: