ՀՀ կառավարությունը խախտում է ՀՀ օրենսդրության պահանջները: Այս մասին ասված է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստ, փաստաբան Մերի Խաչատրյանի բաց նամակում, որը նա տեղադրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջին:
«Պարոն վարչապետ, դուք ձեր խոսքում նշում եք, որ քաղաքացիական նախաձեռնություններից տվյալ իրավական ակտի նախագծի կապակցությամբ ստացել եք բողոք, որտեղ իրավական ակտերով հիմնավորվում է, որ խախտումներով է ընդունվելու կառավարության որոշումը, սակայն շարունակում եք, որ Երևանի քաղաքապետը զեկուցել է Ձեզ, որ ոչ մի խախտում թույլ չի տրվել: Ես ցավում եմ, որ կառավարությունն իր վրա վերցնելով տեղական ինքնակառավարման մարմնին ենթակա հարցի լուծումը, բայց այնուամենայնիվ ինքն է խախտում ՀՀ օրենսդրության պահանջները: Այժմ, այդ խախտումների պատասխանատուն դուք եք: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ տվյալ որոշումը հրապարակելուց, այն վերանայեք և փոփոխեք, հանրային տարածքում ապօրինի կառուցված կրպակները ենթակա են ապամոնտաժման` անհապաղ», – ասված է նամակի մեջ:
Խաչատրյանն ընդգծում է, որ այդ որոշմամբ ՀՀ կառավարությունն ապօրինի նախադեպ է ստեղծում, որ մյուսները ևս պահանջեն հարգել իրենց կրպակ ունենալու իրավունքը` նույն հանրային տարածքում:
«Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու նույն հանրային տարածքում չտեղադրվեցին Փափազյան փողոցի կրպակատերերի կրպակները: Դուք դրանով խախտում եք նաև վարչարարաության և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7րդ հոդվածի պահանջը` կամայականության արգելքը, այն է՝
1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
2. Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Դուք վտանգավոր որոշում եք ընդունել, վերացրեք այն, հարիր չէ ՀՀ կառավարությանը հանրային նշանակության հարցի վերաբերյալ նման անհեթեթ որոշման ընդունումը», – գրում է փաստաբանը: