Երեկ գիշեր Մաշտոցի այգում նստացույց իրականացնող բնապահպանները ոստիկանությունից հետ են ստացել մարտի 14-ին, ժամը 21.30-ին իրավապահների կողմից բռնի ուժով առգրավված վրանը, քնապարկերը, և ակտիվիստներին պատկանող մյուս պարագաները: Վրանը, ինչպես տեսանյութում հայտարարում է ակտիվիստներից մեկը, կոտրված վիճակում է վերադարձվել:
Ի պատասխան իրավապահների գործողությունների` բնապահպան ակտիվիստները կարմիր վարդեր են նվիրել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանին`«իր քաջագործության համար»:
«Հաջող օպերացիայի իրականացման համար ձեզ ուզում եմ այս ծաղիկը նվիրել»,-ասում է ակտիվիստը:
Իրեն կարմիր վարդ նվիրած ցուցարարին Օսիպյանը պատասխանում է. «Ափսոսում եմ, որ ձեր նման երիտասարդ աղջիկը…»: Բնապահպանները ընդհատելով նրան` հակադարձում, որ իրենք են ափսոսում են, որ նման ոստիկաններով են շրջապատված:
Միաժամանակ ընդհարում է եղել բնապահպանների և Մաշտոցի այգում տիրող իրավիճակը նկարահանող երիտասարդի միջև, ով ներկայացել է «02-ի աշխատող»: Երիտասարդի ներկայությունը վրդովմունք է առաջացրել ակտիվիստների շրջանում, քանի որ, իրենք «հանցագործ չեն, որպեսզի «02-ի» հաղորդման համար իրենց նկարեն»:
Այդուհանդերձ, երիտասարդը շարունակել է իր գործը` հայտարարելով, որ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից է, և ընդամենն իր աշխատանքն է կատարում, իսկ թե տեսանյութը ինչպես և ինչ նպատակով է օգտագործվելու, ինքը տեղյակ չէ:
Տեսանյութը` Youtube կայքում տեղադրել է Hayk470 օգտատերը