ՀՀ ոստիկանության աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով նրան ուշադրություն դարձնել Մաշտոցի այգում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների` իրենց նկատմամբ վերաբերմունքին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության կողմից տարածած նամակում, որը ստորագրված է «Մաշտոցի այգում հերթապահող մի խումբ ոստիկաններ», նշվում է, որ «Youtube-ում հայտնված բազմաթիվ տեսահոլովակներ վկայում են, որ ՀՀ ոստիկանը ենթարկվում է վիրավորանքների, հեգնանքի՝ որոշ դեպքերում դառնում ծիծաղի առարկա»:
«Բնականաբար հասկանում ենք, որ ակտիվիստների մեջ կան հատուկ պատրաստված անձիք, ովքեր միտումնավոր և կազմակերպված են դա անում, և անում են հաշվարկված զգուշությամբ: Ովքեր եթե անգամ ուղղակի վիրավորանք չեն էլ հասցնում, միևնույն է, հեգնում են և ոստիկաններին փորձում են կանգնեցնել ծիծաղելի և անհարմար վիճակի առաջ` ինչը նույնպես ոտնահարում է մեր արժանապատվությունը: Նման դեպքերում, երբ չկա կոնկրետ վիրավորանք, բայց կա ժողովրդի լեզվով ասած «ձեռ առնելու» և ծիծաղի առարկա դարցնելու փորձեր, կամ ոստիկանի վրա ծիծաղելու լկտի պահվածք, համարժեք կամ ոչ համարժեք ի՞նչ քայլեր կարող է և պետք է ձեռնարկի տվյալ ոստիկանը, կամ ոստիկանությունը:
Մենք կողմնակից չենք կոշտ մեթոդների: Մենք չենք ցանկանում հայ մարդու, ՀՀ քաղաքացու հանդեպ կոշտ մեթոդներ կիրառել, բայց հասարակությունն էլ պետք է հասկանա, որ մենք էլ որպես ՀՀ քաղաքացի, որպես օրենքի ներկայացուցիչ իրավունք ունենք չհայտնվել նման իրավիճակներում կամ հայտնվելուց հետո իրավունք ունենք որոշակի քայլեր կիրառել մեր՝ ՀՀ ոստիկանների ինքնասիրությունը վիրավորողների նկատմամբ…», – նշում են նամակի հեղինակները