Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով Անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատւր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Ոստիկանության` ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու»` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
«Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքիասյանին` տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյունքների մասին:
Նամակի պատճենն ուղարկվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով», – ասված է հաղորդագրության մեջ: