Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԵՊՀ ուսանողուհու կողմից ինքնասպանության փորձի փաստով:
Մարտի 14-ին ժամը 18.40-ի սահմաններում «Շտապ օգնության» ենթակայանից ահազանգել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն և հայտնել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հաղորդում է aravot.am-ը, հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանին, փրկարարները աղջկան պարանների վրայից իջեցրել և «Շտապ օգնությանն» են հանձնել: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում է եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Արտյոմ Շախոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ աղջիկը Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա.Հ.-ն է, ով, ըստ հարեւանների, ունի որոշ հոգեբանական խնդիրներ: Նա 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են: Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը և արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: