«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին` առաջարկելով մերժել մուտքի արտանագրեր տրամադրել մի շարք հայաստանցի դատավորներին: Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը նշել են, որ իրենց կազմակերպությունը վերջին տարիներին մի շարք քրեական գործերով տրամադրել է իրավաբանական օգնություն, որի ընթացքում արձանագրվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներ թե’ մեղադրողների, թե’ դատավորների կողմից:
Գայանե Խաչատրյանի խոսքով` իրավապաշտպան կազմակերպությունը նամակում հատուկ ներկայացրել է Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննված` Վռամ Բաղդասարյանի, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` Ավետիք Հովհաննիսյանի և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Խաչիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մանրամասները: Դրա պատճառը, ըստ փաստաբանի, այն է, որ ՀՀ դատախազությունը և դատարանները օբյեկտիվ վերաբերմունք չեն ցուցաբերում և իրենց անտարբերությամբ ու անգործությամբ լուծում չեն տալիս` երկարատև ազատազրկում նախատեսող հոդվածներով ակնհայտ անհիմն մեղադրանքով հարուցված քրեական գործերով անօրինականությունների մասին ներկայացված բազմաթիվ բողոքներին:
«ՀՀ դատարանների նման աշխատելաոճը ապացուցում է, որ ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումները կրում են ձևական բնույթ, ՀՀ դատավորները, թեև ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են այնպիսի իրավական պետությունում, ինչպիսին Միացյալ Նահանգներն են, շարունակում են լինել դատախազության կամակատարը և գործում չգրված` «դատախազությունը միշտ իրավացի է» սկզբունքով, այլ ոչ թե ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, քրեական և քրեական դատավարարության օրենսգրքերով նախատեսված սկզբունքներով», – նամակից հատված է ներկայացրել Խաչատրյանը` նշելով, որ նամակի պատճեններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Արդարադատության խորհուրդ:
Միքայել Դանիելյանի խոսքով` հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրումներ ունի ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներում, հարց է առաջանում` արդյոք դրանք ծառայում իրենց նպատակին, եթե հայաստանում իրավապահ ոլորտում նախատեսված բարեփոխումները կրում են զուտ ձևական բնույթ:
«Հելսինկյան ասոցիացիան բազմիցս բարձրաձայնել է ՀՀ իշխանության նկատմամբ տարբեր սանկցիաների կիրառման անհրաժեշտության մասին: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք որպես նախազգուշական սանկցիա` դիմելու դեպքում մերժել ԱՄՆ մուտք գործել հետևյալ դատավորներին, ովքեր անմիջականորեն իրենց գործունեությամբ վնասում են և խոչընդոտում Հայաստանում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելուն», – ասված է նամակում, որին կից նշված
են հետևյալ դատավորների անունները` Մեսրոպ Մակյան – ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Սուրեն Կոստանյան` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, Արթուր Մկրտչյան` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Կարինե Ղազարյանը, Գրիշա Մելիք-Սարգսյանը, Հենրիկ Ադամյանը, Գագիկ Ավետիսյանը, Եվա Դարբինյանը և Սերգեյ Չիչոյանը:
Նշենք, որ դատավորներ Արթուր Մկրտչյանը, Գագիկ Ավետիսյանը, Եվա Դարբինյանը և Սերգեյ Չիչոյանը ներգրավված են եղել Վռամ Բաղդասարյանի գործում, ով 2011 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ, հիմնվելով քրեական գործերի վրա, կարելի է արձանագրել, որ սպանությունը Վռամ Բաղդասարյանը չի կատարել:
Դատավորներ Սուրեն Կոստանյանը, Կարինե Ղազարյանը, Գրիշա Մելիք-Սարգսյանը և Հենրիկ Ադամյանը ներգրավված են եղել Ավետիք Հովհաննիսյանի գործում, ով մեղադրվել է ավազակային հարձակման մեջ և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հելսինկյան ասոցիացիան, մասնավորապես, նշում է, որ դատավոր Կոստանյանն անտեսել և խեղաթյուրել է Ավետիք Հովհանիսյանի այլուրեքությունն ապացուցող վկաների ցուցմունքները, որոնք նշել են, որ դեպքի օրը տեսել են նրան տանը ամբողջ օրվա ընթացքում:
Դատավոր Մեսրոպ Մակյանը ներգրավված է եղել Խաչիկ Հովսեփյանի գործում, ով մեղադրվում է թմրանյութեր ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեջ: Իրավապաշտպանները նշում են, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել քրեական գործով միայն մեղադրյալների զրպարտչական ցուցմունքների հիման վրա, անտեսվել է, որ քրեական գործում առկա «Ղ-տելեկոմ» ընկերության վերծանումներով որոշ դրվագներով հիմնավորվում է վերջինիս անմեղությունը: